Աղմկահարույց սկանդալ է բռնկվել Microsoft-ի հիմնադրի կրտսեր դստեր՝ 23-ամյա Ֆիբի Գեյթսի ստարտափի շուրջ։ Phia բրաուզերային ընդլայնումը մշակվել էր օնլայն գնումների ընթացքում կտրոններն ու զեղչային կոդերն ավտոմատ ցուցադրելու համար։ Սկզբում բիզնեսը ծաղկում էր․ ընկերությունն ավելի քան 40 միլիոն դոլար էր ներգրավել ներդրողներից և այնպիսի հայտնիներից, ինչպիսիք են Հեյլի Բիբերը, Քլոե Քարդաշյանը, Սիդնի Սուինին, Փերիս Հիլթոնն ու Ջեսիկա Ալբան։
Սակայն այժմ Phia-ի դեմ խարդախության լուրջ մեղադրանքներ են ներկայացվել։ Bloomberg-ի հետաքննության համաձայն՝ ստարտափը ամիսներ շարունակ զբաղվել է «քուքի-սթաֆինգով»․ դա խարդախության ձև է, երբ օգտատիրոջ բրաուզերում առանց նրա իմացության ավելացվում կամ փոխարինվում են cookie ֆայլերը։ Դա ընկերությանը թույլ է տալիս միջնորդավճարներ ստանալ այն վաճառքներից, որոնք իրականում ինքը չի իրականացրել։
Bild-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դատախազ Արիել Գիվները X-ում պարզաբանել է, որ ԱՄՆ-ում այս պրակտիկան հաճախ հետապնդվում է օրենքով որպես ինտերնետ-խարդախություն։ Նման դեպքերում հնարավոր են խոշոր տուգանքներ և, տեսականորեն, առավելագույն պատիժ՝ մինչև 20 տարվա ազատազրկում։ Այնուամենայնիվ, Ֆիբի Գեյթսի դեմ դեռևս որևէ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել։
Միևնույն ժամանակ, Bloomberg-ի աղբյուրների համաձայն, Գեյթսն ու նրա համահիմնադիրը տեղյակ են եղել վիճահարույց մեթոդների մասին դեռևս 2025 թվականի վերջին։ Ըստ պնդումների՝ 2025 թվականի դեկտեմբերի ծառայողական գրությունում Գեյթսը հարցրել է, թե արդյոք cookie ֆայլերի ավտոմատ տեղադրումը ակտիվացված է բոլոր կայքերում, ինչը Phia-ին թույլ կտար վաճառքներից հնարավորինս շատ շահույթ ստանալ։ Ինքը՝ ստարտափը, հերքում է մեղադրանքները՝ ընդգծելով, որ խնդրահարույց ֆունկցիաները հեռացվել են դեռևս հուլիսի 7-ին։






































