Կտրիճ Ներսիսյանի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն բանից հետո երբ հայտնի դարձավ այսօր տեղի ունենալիք դատական նիստի մասին, տարբեր եկեղեցական պաշտոնյաներ և թեմեր՝ Սերովբե եպիսկոպոսից մինչև Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն և Անթիլիասի Արամ Ա, հայտարարություններ են տարածում, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան կանչելն անընդունելի է, խայտառակություն է, եկեղեցու դեմ հարձակում է։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հայտարարություն տարածողներից ոմանք տարիներ շարունակ իրենք են կոշտ քննադատության ենթարկել այսօր դատարան կանչված անձանց և գլխավոր մեղադրյալին։ Հայտարարություն տարածողներից ոմանք էլ, անմիջապես կապ հաստատելով, շտապում են արդարանալ, թե այդ հայտարարությունների մեջ իրենց համոզմունքներն արտահայտված չեն, ուղղակի ինչ-ինչ կուսակցությունների ճնշումների դեմ իրենք անզոր են։
Ես ընդամենը մի քանի պարզ հարց ունեմ հարգելի սրբազան արանց։
Եթե մենք իսկապես ուզում ենք ապրել իրավական պետության մեջ, որտեղ սահմանադրությունն ու օրենքները գործում են, ապա ո՞րն է այն վայրը, ատյանը որտեղ պետք է քննվեն իրավական, տվյալ պարագայում քրեական բնույթի մեղադրանքները, եթե ոչ դատարանը։ Եթե որևէ անձի՝ լինի նա շարքային քաղաքացի, նախարար, պատգամավոր, ոստիկան, դատավոր, թե նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս, վերագրվում է իրավական հետևանքներ առաջացնող և պատասխանատվություն ենթադրող արարք, այդ հարցը որտե՞ղ պետք է լուծվի, եթե ոչ դատարանում։ Օրենքի առաջ բոլորը հավասար են և այստեղ անիվ հայտնագործելու կարիք չկա։ Ինչպե՞ս հասկանալ վատ քողարկված այն պնդումը, թե իբր կան կամ պիտի լինեն մարդիկ, որոնց դատական քննության ենթարկվելը ինքնին պետք է համարվի անթույլատրելի։ Ինչպե՞ս։ Գուցե փորձեք ավելի հստակ խոսել, հասկանալի լեզվով, բարձրագոչ ճառերը մի կողմ թողնելով։ Ճառում եք նաև երկխոսությունից և փոխադարձ հարգալից մթնոլորտի մասին, անձամբ ինչ-որ գործուն լուծումներով առաջարկներ, հրապարակային կերպով արել ե՞ք։
Այսօր համացանցը ողողված է բազմաթիվ պաթոսախեղդ հայտարարություններով, բայց դրանցից ոչ մեկը չի տալիս գլխավոր հարցի պատասխանը. ի՞նչ իրավական (գուցե՞ կանոնական) լուծում եք առաջարկում, որտե՞ղ, ինչպե՞ս և ե՞րբ պիտի հանգուցալուծվեն ծովածավալ այն խնդիրները, որոնք զուտ մատնանշելու համար անգամ, դաժանագույն պատիժների ենք ենթարկվում մենք բոլորս անվերջանալի շարունակականությամբ։ Հայտարարությունները, կոչերը, հուզական գնահատականները և բարձրագոչ ձևակերպումները չեն փոխարինում արդարադատությանը։ Դրանք չեն ապացուցում ո՛չ մեղավորությունը, ո՛չ էլ անմեղությունը։ Եթե ձեր պաշտպանած հոգևորականներն անմեղ են, ապա ինչո՞ւ վախենալ դատարանից։ Հենց դատարանն է այն վայրը, որտեղ պետք է ներկայացվեն ապացույցները, լսվեն կողմերը և կայացվի օրինական, ուժի մեջ մտած և պարտադիր կատարման ենթակա որոշում։ Իսկ եթե ձեզանից և/կամ մեղադրյալի կարգավիճակ ստացող որևէ մեկը վստահ չէ դատարանի անաչառությանը, ապա թող հստակ ասի՝ ո՞րն է խնդիրը։ Ո՞ր դատավորին չի վստահում։ Ո՞ր օրենքն է խախտվել։ Ո՞ր դատավարական իրավունքն է ոտնահարվել։ Ընդհանուր բնույթի հայտարարությունները չեն կարող փոխարինել կոնկրետ իրավական փաստարկներին։
Եթե կան մտահոգություններ դատավարության թափանցիկության վերաբերյալ, ապա ինչո՞ւ չեք առաջարկում, օրինակ, որպեսզի դատարանում նիստերը լինեն բացառապես դռնբաց, ապացույցները, փաստական այլ հանգամանքերի քննությունները և ամեն բան կատարվեն առավելագույն հրապարակայնությամբ, ամբողջությամբ տեսաձայնագրվեն և հեռարձակվեն բոլոր նիստերը, որպեսզի դատավարության ողջ ընթացքը լինի հանրության վերահսկողության ներքո օրենքի թույլատրելիության սահմաններում։
Եթե ճշմարտությունը դատարանի առաջ կանգնած հոգևորականների կողմն է, ապա բաց և թափանցիկ դատավարությամբ առաջինը հենց իրենք պետք է շահագրգռված լինեն, իսկ եթե ճշմարտությունը ոտնահարողներն իրենք են, ապա զուտ հոգևորական լինելու հանգամանքը պատասխանատվության չկանչվելու հիմք չէ։ Եթե հետագայում սպառվեն ներպետական իրավական միջոցները և մնան մարդու իրավունքների կամ արդար դատաքննության վերաբերյալ հիմնավոր հարցեր, վերապահումներ կասկածներ, իրավական համակարգը նախատեսում է նաև հետագա պաշտպանության մեխանիզմներ։ Այդ դեպքում ինչո՞ւ եք նախապես դատապարտում հենց դատական քննության փաստը։ Արդյո՞ք, արդարադատությանը խոչընդոտելու դիտավորություն չունեք։ Եվ եթե դուք՝ այս հայտարարությունների հեղինակներդ, լիովին վստահ եք, որ «Կաթողիկոսն» ու մյուս հոգևորականներն անբասիր մարդիկ են, ապա արտահայտվեք ոչ միայն հայտարարություններով, այլ նաև օրենքով նախատեսված բոլոր հնարավոր եղանակներով։ Եթե մեղսագրվող արարքներին, դուք անձնապես և ի պաշտոնե մասնակից և հանցակից չեք, բավարար բարոյական հեղինակություն ունեք, ինչ-ինչ սեռական քաջագործությունների հերոսներ չեք, ֆինանսական խարդախությունների և հարկերի թաքցման մեջ ներգրավված չեք, եկեղեցական գույք չեք հափշտակել, մարդկանց բռնության չեք ենթարկել, ֆիզիկապես վնասելու սպառնալիքներ չեք հնչեցրել, անձնական պատասխանատվությամբ և ունեցած ենթադրելի հեղինակությամբ վկայեք դատարանի առաջ կանգնող հոգևորականների բարեվարքության մասին։ Գոնե ասեք, որ դուք բացառում եք, որ տվյալ հոգևորականները կարող էին քրեական արարք կատարած լինել, որովհետև, ասենք սրբակենցաղ անձեր են, կամ շատ զարգացած և բարեկիրթ վարք ու բարք ունեն։ Իսկ եթե ձեր համոզմամբ նման հարցերը պետք է լուծվեն բացառապես եկեղեցական ատյաններում, ապա հասարակությունն իրավունք ունի լսելու նաև դրա պատասխանը. ո՞ր եկեղեցական ատյաններում։
Ի՞նչ կանոնական ընթացակարգերով։ Ի՞նչ լիազորություններով։ Ինչպե՞ս են այդ ատյանները քննելու այնպիսի հարցեր, որոնք կարող են առնչվել նաև պետական քրեական իրավունքի ոլորտին։ Իսկ այդ ատյաններում մի գուցե՞ արդեն քննվել են, ե՞րբ, ինչպե՞ս և իհարկե ո՞ր ատյանում, ի վերջո ո՞ւր են այդքան չարչրկված համապատասխան ատյանները, դրանք կա՞ն և ինչպե՞ս են գործում։ Պատասխանեք նաև հետևյալ հարցին, մենք ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ։ Այնպիսի՞ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ, անկախ իր պաշտոնից, կոչումից կամ հոգևոր աստիճանից, ներկայանում է դատարան և օրենքով պաշտպանում իր դատը, որտեղ ի սկզբանե պաշտպանված է նաև անմեղության կանխավարկածը և միայն դատարանի, օրենքով ուժի մեջ մտած վճիռն է սահմանում թե ով է մեղավորը։ Թե՞ այնպիսի պետություն, որտեղ բավական է բարձր պաշտոն զբաղեցնել կամ «մեծ հեղինակություն» ունենալ, որպեսզի նույնիսկ դատարանի դուռը բացելը համարվի վիրավորանք։ Արդարադատությունը չի կարող խաթարվել ո՛չ քաղաքական ճնշմամբ, ո՛չ հասարակական աղմուկով, ո՛չ էլ ձեր զգացմունքայնության վրա խարսխված հայտարարություններով։ Եթե մեղադրյալն անմեղ է, այդ անմեղությունը նույնպես պետք է պաշտպանվի և հաստատվի դատարանում։ Եթե մեղավոր է, նույն դատարանը պետք է սահմանի դրա իրավական հետևանքները։ Իրավական պետության մեջ օրենքից վեր մարդ գոյություն չունի։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։ Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը։






































