«Չորրորդ օրն է՝ նոր գումարումը ձևավորում է խորհրդարանը, և այժմ քննարկում ենք պարոն Վարդևանյանին որպես ընդդիմության՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի հարցը: Պարո՛ն Վարդևանյան, ահագին մեծ առաջընթաց կա ընդդիմության մոտ, իմ համեստ պնդմամբ, որովհետև ես չէի կարող չնկատել, որ դուք ձեր խոսքի սկզբից մինչև ելույթի վերջ արդարացնում էիք այսպես կոչված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձևավորված, Հայաստանում ներդրված իշխանության մոտ ուզում եք փոխխոսնակ լինել»:
Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վարդևանյանը դրա համար շատ մեծ ջանք էր գործադրում, բայց ինքն ուզում է, որ Վարդևանյանը նկատի, որ դա մի բանի մասին է վկայում, որ ընդդիմությունը ի վերջո նկատում է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը:
«Սա մեծ առաջընթաց է, որովհետև երբ ես հիշում եմ 2021 թվականը, երբ դուք էնտեղ էիք և փորձում էիք ստիպել գործող խմբակցությանը՝ մեզ, ընտրել Վազգեն Մանուկյանին, էդ ժամանակ ընդհանրապես չէիք նկատում, որ կա ժողովուրդ: Հիմա դուք նկատում եք՝ կա ժողովուրդ, ում խոստացել էիք մեծամասնություն ձևավորել, չեք կարողացել և հիմա արդարանում եք»,- ասել է Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վարդևանյանը երևի թե չի տեսել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ռիլը 300 հազար ադրբեջանցիների մասին, հակառակ դեպքում իր ելույթում կխոսեր գոյութենական սպառնալիքների մասին:






































