Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նախագահ Կոշտան շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։
Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը և նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի։






































