Շրջակա միջավաայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ
Այս տարի օրը նշվում է «Ոգեշնչված բնությունից․ հանուն կլիմայի, հանուն մեր ապագայի» կարգախոսի ներքո՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ բնությունն ինքն է մեզ հուշում կլիմայական մարտահրավերներին դիմակայելու և կայուն ապագա կառուցելու լավագույն լուծումները։
Այսօր աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման լուրջ մարտահրավերների առաջ։ Այս խնդիրների հաղթահարումը պահանջում է համատեղ պատասխանատվություն և հետևողական գործողություններ՝ ինչպես պետությունների, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու կողմից։
Հայաստանը, լինելով կենսաբազմազանությամբ հարուստ երկիր և միջազգային բնապահպանական գործընթացների ակտիվ մասնակից, շարունակաբար ամրապնդում է իր ջանքերը բնական էկոհամակարգերի պահպանության, վերականգնման և կայուն զարգացման ուղղությամբ։
Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Սա մեծ պատիվ է և բարձր պատասխանատվություն, որը հնարավորություն է տալիս մեր երկիրը դարձնել կենսաբազմազանության պահպանության համաշխարհային օրակարգի կարևոր հարթակ և միջազգային համագործակցության կենտրոն։
Շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է յուրաքանչյուրիս ամենօրյա ընտրություններից։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել մեր բնական ժառանգությունը և ապահովել անվտանգ ու բարեկեցիկ ապագա հաջորդ սերունդների համար։
Շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին և գործընկերներին այս կարևոր օրվա առթիվ և մաղթում, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը շարունակեն լինել մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը իր ուղերձում։






































