Փողերի լվացման (և ոչ միայն) գործով մեղադրյալ Սամվել Կալուգացին, որը իրեն երևակայում է ՀՀ ապագա վարչապետ, պարզվում է՝ գաղափար չունի, թե ինչ է «փողերի լվացում» ասվածը։ Տարօրինակ է։ Այդպիսի բազմանդամ փաստաբանական թիմ ունի, բայց այդ թիմը, փաստորեն, իրավական լեզվով չի բացատրել իրեն առաջադրված մեղադրանքի՝ ՔՕ-ով սահմանված հանցակազմը։
Այսօր հայտնի դարձավ, որ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործով ձերբակալվել է Կարապետյանի թիմակից, «ընդմիշտ ուժեղ» Ալիկ Ալեքսանյանը։ Երբ այսօր դատարանի բակում, դատական նիստից առաջ Սամվել Կալուգացուն լրագրողները հարցրին իր թիմակցի ձերբակալման մասին, թե՝ պարզե՞լ է՝ Ալեքսանյանն ո՞ւմ է փող փոխանցել, գործարարը․․․ ապուշ կտրեց. «Դա նույնիսկ դուք չեք կարող պարզել, ես ո՞նց պարզեմ։ Մեր թիմից չկա մարդ, որ գիտի՝ փող ոնց են լվացում։ Ես փող լվացել մենակ հասկանում եմ, որ ասֆալտ ես փռում, փող ես լվացում»։
Ա՜յ քեզ ցինիկ խոստովանություն։ Նկատենք, որ Սամվել Կարապետյանի հորեղբայրները Խորհրդային Միության տարիներին եղել են խոպանչիներ՝ Ռուսաստանում «ասֆալտ են փռել»։ Երիտասարդ տարիներին Սամվել Կարապետյանն ու իր եղբայրը ամառային արձակուրդների ժամանակ մեկնել են իրենց հորեղբայրների մոտ՝ «ասֆալտ փռելու» եղանակով փող վաստակելու։ Այս մասին, ի դեպ, Սամվել Կարապետյանը պատմել է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի, ինչպես նաև Ալիկ Ալեքսանյանի հետ զրույցում։ Ուստի պատահական չէ, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի մոտ «փողեր լվացնել» հասկացությունը նույնացվում է հենց «ասֆալտ փռելու» հետ։ Չգիտենք՝ խորհրդային բյուջեից քանի՞ հարյուր կամ հազար ռուբլի է Կարապետյաններին հաջողվել «լվացնել», բայց որ «լվացրել» են՝ հաստատ։ Այլապես Սամվել Կալուգացին նման անկեղծության պոռթկում չէր ունենա։
Հա, ի դեպ, «ասֆալտ քերելու», «փռելու» միջոցով պետական միջոցները մսխելու, «ատկատների» ու յուրացումների պրակտիկան նախկին՝ Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմի սիրելի զբաղմունքներից էր։
Հ. Մ.






































