Ծառուկյանը քար գողացո՞ղ է, Ծառուկյանը եկեղեցի կառուցող է: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի արած վերջին հայտարարությունը, որում վերջինս նշել էր՝ Գագիկ Ծառուկյանն ու իր փեսան գնացել, տան պատերից քարեր են պոկել, գողացել են և հիմա մի հատ էլ դրա համար են դատվելու:
«Ասում են Ծառուկյանի փեսան քարերը գողացել է, բա Ծառուկյանը քար գողացո՞ղ է, Ծառուկյանը եկեղեցի կառուցող, իր երկրի պատիվը բարձր պահող, աշխարհին ներկայացնող ու ավելի մեծ ճանաչում տվող մարդ է, Ծառուկյանը միլիարդներ է դրել, Հայաստանը սպորտով դրել է ամենաբարձունքի վրա, դպրոց է կառուցել, գույքեր, թոշակներ է տվել, մեկ միլիոն դոլար օլիմպիականներին գումար է տվել, տարեկան 200-300 հատ էլ մեքենաներ:
Ծառուկյանը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ 1500 խանութի, ասել եմ ձեր 1 տարի ձեր վարձերը մի վճարեք, գնացեք ձեր վարկերը փակեք, գնացել փակել, եկել ասել են՝ Ծառուկյան ջան, էլի չենք կարողանում, ասել եմ 3 տարի մի վճարեք: Մարդը կամեցող մարդ պետք է լինի, բարի մարդ պետք է լինի, ձևական մարդիկ ժամանակավոր բնույթ ունեն: Իմ փեսան հիմա Ջրվեժում վարձով է մնում: Առանց ամաչելու ասում է՝ քարերը գողացել են, ասենք Գուլոյանը քար գողացո՞ղ է, մարդը պատրաստ է 2,5 միլիոն վճարի, իր հորական տանը մնա, 2,5 միլիոն էլ ես իմ կողմից բարեգործական կտամ, որ նորմալ ծերանոց սարքեն, քանի՞ հոգի են գալու այնտեղ բնակվեն, 20-30 հոգի, դա նշանակեց, որ տվեց ժողովրդի՞ն»,- նշել է Ծառուկյանը:
Հարցին, թե ինչ կանի, եթե իրենց տան հետ կապված ևս նման պրոցես սկսվի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Օրենքի դեմ ամեն ինչ հավասար է, եթե փաստաթղթերը, հիմքերը կարող են ընդունել, իրենց ցավն էլ տանեմ»:






































