ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հորդորել է «խելքը գլուխը հավաքել» և հետևել իր հայտարարություններին:
Այս մասին նա ասել է զորահանդեսից հետո Կառավարությունում հրավիրած ճեպազրույցի ժամանակ՝ արձագանքելով Ծառուկյանի վերջին հայտարարություններին՝ կապված «վարչապետին առյուծի վանդակ տանելու հետ»:
Փաշինյանը, դիմելով Ծառուկյանին, ասել է. «Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվիր, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»:
Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Ծառուկյանի հայտարարությանը՝ կապված գործակալ լինելու հետ:
«Ծառուկյանը, որ ասում ա՝ «ապացուցի, որ շպիոն եմ». ինքն օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով է Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ»: (2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը աջակցում է Գագիկ Ծառուկյանին):
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտել է. «Էդ ժարգոնն էլ… ասում եմ՝ մի հատ խելքդ գլուխդ հավաքի, քեզանով էլ կզբաղվենք, Ծառուկյա՛ն Գագիկ»:
Հիշեցնենք՝ Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։
Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Թևանյանը երկու ամսով կալանավորվել է:






































