Գազի համաշխարհային գները ամռանը կարող են աճել 50%-ով

Օդերևութաբանները նախազգուշացնում են մոտեցող անոմալ շոգի մասին, որը կարող է իրական փորձություն դառնալ համաշխարհային գազի շուկայի համար։ Meteo Balkans-ի տվյալներով՝ այս տարվա ամռանը սպասվում են երկարատև շոգի ալիքներ և ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։ Ամենաբարդ իրավիճակը կանխատեսվում է Կենտրոնական, Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ ցուցանիշները կարող են էապես գերազանցել կլիմայական նորման։ Առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանից բարձր ռեկորդային արժեքների։

Բացի այդ, Atmospheric G2-ի տվյալներով, որոնց հղում է անում Bloomberg-ը, Ճապոնիայում միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ նորմայից 1,5 աստիճանով, իսկ Հարավային Կորեայում և Չինաստանի զգալի մասում՝ 0,5–1 աստիճանի սահմաններում։

Փորձագետները կարծում են, որ անոմալ շոգը կհանգեցնի էլեկտրաէներգիայի սպառման աճին՝ առաջին հերթին օդորակման համակարգերի ծանրաբեռնվածության ավելացման պատճառով։

«Կոնկրետ մակարդակն առաջին հերթին կախված է ջերմաստիճանային ռեժիմներից։ Հետևաբար, ամռանը պահանջարկը կլինի ավելի բարձր, քան գարնանը (միջսեզոնին)։ Այժմ դրա սահմանափակող գործոնը առաջարկի ծավալն է․ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով համաշխարհային շուկան կորցրել է արտահանման ծավալների մոտ 10%-ը», — նշել է Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովը։

«ՎՄՏ Կոնսալտ» ընկերության կառավարող գործընկեր Եկատերինա Կոսարևայի խոսքով՝ գազային գեներացիայի ծանրաբեռնվածությունը կարող է աճել նաև ջրամբարներում ջրի մակարդակի նվազման, հետևաբար նաև հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կողմից էլեկտրաէներգիայի արտադրության կրճատման պատճառով։ Փորձագետը կարծում է, որ եթե հակամարտությունը ձգձգվի, իսկ Մերձավոր Արևելքից գազի մատակարարումները չվերականգնվեն, ապա անոմալ շոգի ֆոնին համաշխարհային շուկայում կապույտ վառելիքի համար մրցակցությունը կուժեղանա։ Այդ դեպքում ամռան ավարտին գները կարող են աճել 30–50%-ով։

Ալեքսանդր Ֆրոլովի կարծիքով՝ համաշխարհային էներգետիկան այսօր շատ առումներով կրկնում է «2021 թվականի ամառվա» իրավիճակը, երբ ձևավորվում էին 2021–2022 թվականներին գազի գների կտրուկ աճի նախադրյալները։

«Եթե նայենք ԵՄ-ում գազի գներին, ապա դրանք գտնվում են մոտավորապես 2021 թվականի օգոստոսի վերջի մակարդակում։ Մենք դեռ էներգետիկ ճգնաժամի սկզբում ենք։ Եթե այն գործոնները, որոնք մեզ հասցրել են այս կետին, չվերացվեն, ապա հիմնական խնդիրները կսկսվեն տարվա երկրորդ կեսին։ Իսկ 2026–2027 թվականների ձմռանը կարող ենք տեսնել նաև 1–2 հազար դոլար 1 հազար խմ-ի դիմաց», — կարծում է Ալեքսանդր Ֆրոլովը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031