Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի վերջին՝ 27-րդ տուրում կայացած երկու հանդիպումներով վերջնական տեսք ստացավ մրցաշարային աղյուսակի որոշակի հատվածը։
«Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հարցերը լուծեց դեռևս առաջին խաղակեսում՝ հաղթելով 2։0 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Ալեքսա Վիդիչը գնդակն անզգուշաբար ուղարկեց սեփական դարպասը, իսկ քսան րոպե անց Յարոսլավ Մատյուխինը Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Այս վստահ հաղթանակի շնորհիվ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը վաստակեց 53 միավոր, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի ուղեգիր։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում ուժերը չափեցին «Արարատն» ու ԲԿՄԱ-ն, որտեղ գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 47-րդ րոպեին, Դավիթ Հարությունյանն առաջ մղեց բանակայիններին, սակայն 64-րդ րոպեին Կալիֆալա Մամադու Դումբիան անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և փրկեց իր թիմին պարտությունից։
Այս վաստակած մեկ միավորը փրկարար նշանակություն ունեցավ երևանյան ակումբի համար. «Արարատը» 13 միավորով հավասարվեց «Շիրակին» և լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ բարձրացավ 9-րդ հորիզոնական՝ խուսափելով վերջին տեղից։ Գյումրիի թիմն իր հերթին մրցաշրջանն ավարտեց աղյուսակի հատակում՝ 10-րդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն 23 միավորով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում։
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն արդեն իսկ ապահովել է «Արարատ-Արմենիան»։ Առաջնության վերջին տուրի մնացած երեք հանդիպումները կկայանան մայիսի 27-ին՝ միաժամանակյա մեկնարկով. ժամը 19:00-ին խաղադաշտ դուրս կգան «Արարատ-Արմենիան» ու «Գանձասարը», «Փյունիկն» ու «Վանը», ինչպես նաև «Ուրարտուն» ու «Նոան»։






































