Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության Ստարոբելսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով 40 երեխա է տուժել։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին ի պատասխան հայտնել է տեղի երեխաների իրավունքների լիազոր Իննա Շվենկը։
«Այս ժամի դրությամբ հայտնի է 40 տուժած երեխայի մասին։ 9 երեխա գտնվում է առողջապահական հաստատությունում։ Երեք երեխայի վիճակը ծանր է։ Նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- ասել է նա։
Օմբուդսմենը հավելել է, որ 18 ընտանիք դիմել է իրեն և սպասում է հարձակման վայրում որոնողափրկարարական գործողության արդյունքներին։
«Ներկայումս մեր կողմից՝ Լուգանսկի մարդու իրավունքների պաշտպանի, Լուգանսկի կրթության և գիտության նախարարի տեղակալի, «Ժողովրդական ճակատի» և ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանք է տարվում ծնողների հետ։ Նրանց հետ աշխատում են հոգեբանները։ Իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ, և մոտ ժամանակներս ծնողներին պետք է տեղեկատվություն փոխանցվի իրենց երեխաների վիճակի մասին»,- նշել է Շվենկը։
Ավելի վաղ Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ ուրբաթ գիշերը ՈւԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարձակվել է մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի պրոֆեսիոնալ քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին այնտեղ եղել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։ Վերջին տվյալներով՝ վեց մարդ զոհվել է։
Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր նաև հարձակման հետևանքով 40 տուժածի մասին։ Կիևի ռեժիմի հանցագործությունների հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ փլատակների տակ կարող են մնացած լինել ևս մոտ 18 ուսանող և դասախոս։






































