Իրանն ու ԱՄՆ-ը չեն մոտեցել հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարող վստահաբար ասել, որ հասել ենք այն փուլին, երբ համաձայնությունը մոտ է»,- նրա խոսքերը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը։
Բաղային ընդգծել է, որ բանակցություններում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է պատերազմի դադարեցման վրա։ Մեկնաբանելով Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի այցը Թեհրան՝ դիվանագետը նշել է, որ օտարերկրյա պատվիրակությունների հաճախակի դարձած այցերը դիվանագիտական գործընթացի շարունակությունն են։
Նա նաև հաստատել է, որ Կատարից ժամանած պատվիրակությունը խորհրդակցություններ է անցկացնում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդ է շարունակում հանդիսանալ պակիստանյան կողմը։
Ավելի վաղ իրանական ISNA գործակալությունը հայտնել էր, որ Մունիրը Թեհրան է ժամանել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդական առաքելության շրջանակներում։ Ինչպես նշվում էր, Իսլամաբադի ջանքերն ուղղված են առկա տարաձայնությունների կարգավորմանը, սակայն հրամանատարի այցը «չի նշանակում փոխըմբռնման ձեռքբերում նախնական պայմաններով»։






































