Ուկրաինական կարգավորման շուրջ Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցություններ ներկայումս չեն վարվում, սակայն Միացյալ Նահանգները պահպանում է պատրաստակամությունը՝ միջնորդ հանդիսանալու այդ դիվանագիտական գործընթացում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նման բանակցություններ ներկայումս չեն ընթանում։ Բայց մենք հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասել է նա՝ Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում զրուցելով լրագրողների հետ։
«Դրանք, ցավոք, արդյունավետ չեղան։ Բայց մենք պատրաստակամություն ենք պահպանում շարունակելու խաղալ այդ դերը»,- հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով՝ եթե մեկ ուրիշը ցանկանում է զբաղվել դրանով, ապա նրանք պետք է անեն դա։
«Բայց, թվում է, թե ներկայումս աշխարհում ոչ ոք չի կարող դրանով զբաղվել։ Բացի այդ, մենք շահագրգռված չենք մասնակցել հանդիպումների անվերջանալի շրջափուլին, որոնք ոչ մի տեղ չեն տանում»,- նշել է պետքարտուղարը։
Նա նաև պնդել է, որ ուրկրաինական հակամարտությունը չունի ռազմական լուծում։
«Քանի որ այս պատերազմը կարող է ավարտվել միայն բանակցությունների միջոցով։ Այն չի ավարտվի այս կամ այն կողմի ռազմական հաղթանակով։ Առնվազն՝ ռազմական հաղթանակի ավանդական ընկալմամբ»,- կարծում է Ռուբիոն։






































