ԱԱԾ-ն և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում իրականացնում են քննչական գործողություններ։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:






































