Իսրայելը դիտարկում է Ստամբուլում իր հյուպատոսությունը փակելու հարցը

Իսրայելը դիտարկում է Ստամբուլում իր հյուպատոսությունը փակելու հարցը, որը ապրիլին հրաձգության թիրախ էր դարձել։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Անկարայում Իսրայելի դեսպանատունը կմնա բաց, սակայն այն դեռևս զրկված է դիվանագիտական անձնակազմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելական հողում իրականացված և Գազայում պատերազմ բորբոքած ահաբեկչական հարձակումից հետո նրանց տարհանման պատճառով։

Դիվանագետները նույն կերպ դուրս են բերվել նաև Ստամբուլի հյուպատոսությունից, որը գտնվում է Թուրքիայի ամենամեծ քաղաքի բիզնես թաղամասում, և այդ ժամանակվանից ի վեր երկու հաստատություններն էլ համալրված են թուրքական անձնակազմով։

«Հարցը քննարկման փուլում է։ Ոչ մի որոշում չի կայացվել»,- պնդել է աղբյուրը՝ անդրադառնալով երկրաշարժի նախապատրաստական միջոցառումների շրջանակում Ստամբուլի հյուպատոսության շենքը քանդելու ծրագրերին։

«Ոմանք պնդում են, որ այս թափուր տարածքները, որոնք պատկանում են մեզ, մեծ գումարներ են նստում մեզ վրա»,- ասել է աղբյուրը։

Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին շենքի մոտ հրաձգություն էր տեղի ունեցել։ Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, իսկ իշխանությունները մեղադրել են կրոնը շահարկող ահաբեկչական կազմակերպությանը՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Թուրքիան այժմ Իսրայելում ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարով այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ի հետևանքներով և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակաիսրայելական հռետորաբանության կտրուկ սրումից հետո նրա վերջին դեսպանը հետ կանչվեց։

Էրդողանը պարբերաբար հանդես է եկել Գազայում Իսրայելի պատերազմի դեմ՝ այն որակելով ցեղասպանություն, և վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031