Վիզաների ազատականացման գործընթացը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակոության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ, այն վստահության, արժանապատիվ գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է․ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ուզում եմ փաստել , որ մեր մեծագույն ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը և սա կրկին շատ կարևոր և պատասխանատու արձանագրում է մեզ համար։ Մենք էապես կարևորում ենք այն, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես այնպիսի զգայուն ոլորտների համար, որոնք վերաբերում են կենսաչափական փաստաթղթերին, սահմանների կառավարմանը միգրացիայի և ապաստանի հարցերին»,-ասել է ՆԳ նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս առաջընթացը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրոպական Միության համար։
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության շրջանակում կայացած առաջին գագաթնաժողովին՝ ընդգծելով, որ դրա արդյունքում ստորագրվել են նշանակալի փաստաթղթեր։
«Մի կողմից այս գործընթացը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տալու է արժանապատիվ ճամփորդելու հնարավորություն, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների համար այն կարևոր հիմք է երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին՝ նախարար Սարգսյանը հիշեցրել է, որ գործընթացի շրջանակում սահմանված էր 74 հենանիշ, ինչպես նաև եվրոպացի գործընկերների կողմից ներկայացվել են 53 առաջարկություններ։ Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամ է նույն հետևողականությամբ շարունակելու բոլոր առաջարկությունների իրականացումը։
Նախարարը կարևորել է նաև այն փաստը, որ ներկայումս Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրոպական Միությունը վարում է ակտիվ վիզաների ազատականացման երկխոսություն։ Նրա խոսքով՝ սա փոխադարձ վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք է։
«Այսօր արդեն ունենք Գործողությունների ծրագիրը, առաջընթացի առաջին զեկույցը և հետևողականորեն շարունակելու ենք առաջ շարժվել՝ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելով ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»,- նշել է նա։
Նախարար Սարգսյանը շեշտել է, որ վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ մոտարկման ճանապարհի ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի որակի վրա։






































