Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին»

Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթող, Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին պաշտպան և ավագ Դանի Կարվախալը հրաժեշտ է տվել հարազատ թիմին։ Իսպանացի ֆուտբոլիստը նշել է, որ հպարտ է «արքայական ակումբում» անցկացրած տարիների համար և իր ողջ ուժերն է նվիրել թիմին։

Կիրակի օրը «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարեց թիմի ավագի հեռանալու մասին՝ պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ։

«Ես հեռանում եմ լիքը սրտով ու հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ»,- իր սոցցանցերում գրել է 34-ամյա իսպանացին։

Դանի Կարվախալը «Ռեալի» ակադեմիայի սան է։ Մադրիդյան գրանդի կազմում պաշտպանն ընդհանուր առմամբ անցկացրել է 450 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։ «Ռեալի» հետ նա նվաճել է աներևակայելի քանակությամբ տիտղոսներ՝ դառնալով Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթող, Իսպանիայի քառակի չեմպիոն, Իսպանիայի գավաթի կրկնակի դափնեկիր, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթող։

Հավելենք նաև, որ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Կարվախալն անցկացրել է 52 հանդիպում՝ հասցնելով հռչակվել Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031