ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այստեղ շատ սերտորեն միահյուսված են թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հարցերը։ Այս ամենը համընկնում է նախընտրական արշավի հետ, որն այսօր ընթանում է Հայաստանում։ Այնտեղ կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանման օգտին։ Կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրոպական միություն։ Իր հերթին, բնականաբար, մենք ցանկանում ենք Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում»,- ընդգծել է նա։

Օվերչուկը նշում է, որ ՌԴ-ի ջանքերի շնորհիվ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են ձևավորվում:

«Դրան զուգահեռ մենք հանդես ենք գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին: Եվ փաստացիորեն Ռուսաստանի ջանքերն ի սկզբանե հանգեցրին նրան, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ են ձևավորվում։ Մենք գիտենք, որ արդեն ընթանում է պատվիրակությունների փոխանակում, սկսվել է առևտուրը երկու երկրների միջև։ Սա բացարձակապես բնականոն գործընթաց է, և այն մեզ չի կարող չուրախացնել։

Տեղի է ունեցել Հայաստանի մասնակի տրանսպորտային ապաշրջափակում։ Այսօր ռուսական հացահատիկը, ռուսական պարարտանյութերը երկաթգծով՝ Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով, մուտք են գործում Հայաստան։ Ռուսաստանը նույնպես մասնակցում է ապաշրջափակման գործընթացին։ Այս ամենն ամրապնդում է Հայաստանը։ Բայց սրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս Եվրոպական միության հետ մերձեցման օգտին։ Այնտեղ անցյալ տարվա ապրիլին օրենք է ընդունվել։ Այդ օրենքը միանշանակորեն մատնանշում է Եվրամիությանը միանալու ձգտումը»,- նշել է Օվերչուկը:

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն միլիտարիզացվում է, ընդ որում՝ միլիտարիզացվում է Ռուսաստանի դեմ և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- նշել է նա։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը կորցնի այն տնտեսական առավելությունները, որոնք հիմա ունի։

«Հայերը մեզ մոտ ժողովուրդ են, և մեզ համար միևնույն չէ, թե ինչպես է նա ապրում և ինչպիսին կլինի Հայաստանի տնտեսության վիճակը։ Մենք, ընդհակառակը, ամեն կերպ նպաստում ենք այնտեղ տնտեսության ծաղկմանը։ Բայց եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, ապա մեզ մոտ, բնականաբար, հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրներին, ապա ինչո՞ւ պետք է մենք դրան աջակցենք։

Համաձայնեք, որ մի բան է, երբ Հայաստանը մեր միության անդամ է, և լիովին այլ բան է, եթե Հայաստանը գնում է մեզ համար ոչ բարեկամական երկրների միության հետ մերձեցման։ Մենք հայկական կողմից լսում ենք, որ նրանք ձգտում են դեպի ԵՄ և անցնում են նրանց ստանդարտներին, բայց միևնույն ժամանակ ցանկանում են առայժմ մնալ ԵԱՏՄ-ում և օգտվել տնտեսական բոլոր արտոնություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։

Ավելի լավ կլինի, եթե Հայաստանում ավելի արագ կողմնորոշվեն, այդպես ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, այս անորոշությունը ստիպում է տնտեսական օպերատորներին սպասողական դիրք գրավել և խանգարում է երկարաժամկետ տնտեսական հարաբերություններ կառուցելուն։ Բայց, ընդգծում եմ, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, իսկ ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է»,- շարունակել է փոխվարչապետը։

Այս համատեքստում Օվերչուկը նշել է, որ ստեղծված իրավիճակը պետությունների ղեկավարների կողմից քննարկվելու է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

«Այնտեղ քննարկում է լինելու Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Կրկին հիշեցնեմ՝ մենք չենք ցանկանում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը շարունակի ծաղկել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք առաջանալու են ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- մատնանշել է նա։

Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 11 տարիների ընթացքում երկիրը բառացիորեն ծաղկել է, այնտեղ բարձրացել է կենսամակարդակը և ՀՆԱ-ն։

«Այս ամենը մեծապես տեղի է ունենում շնորհիվ այն տնտեսական արտոնությունների, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին մասնակցությունը։ Ոչ ոք չի կարողանա դա փոխարինել Հայաստանի համար»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031