Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը

Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր՝ եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը։

Ֆուտբոլային նոր կենտրոնը («Նոա Պարկ») ներկայացվել է ՀՀ կառավարությանը, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և ակումբի գործընկերներին։

​Հայկական ֆուտբոլի համար այս կարևոր իրադարձությանը որպես հատուկ հյուր ներկա է գտնվել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն։ Միջոցառմանը մասնակցել են նաև «Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

​Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, վերջին մեկուկես տարվա ընթացքում «Նոան» զբաղված էր առաջին թիմի, անձնակազմի և վարչական հատվածի համար նախատեսված այս գերժամանակակից մասնաշենքի կառուցմամբ։

​Նորաբաց մարզաբազան ներառում է.

​Գերժամանակակից հանդերձարաններ՝ վերականգնողական մի քանի տեսակի սենյակներով,
​Բժշկական և մերսման նորագույն սարքավորումներով կահավորված տարածքներ,
​Ընդարձակ և ժամանակակից մարզասրահ,
​Ուսումնամարզական հավաքների համար նախատեսված հյուրանոցային համարներ,
​Գրադարան և առաջին թիմի անձնակազմի համար նախատեսված ճաշարան,
​Խորհրդակցությունների դահլիճներ և աշխատասենյակներ,
​Ժամանցի սրահներ՝ համալրված սեղանի թենիսով և համակարգչային խաղերով։
​Հայկական ակումբի նախագծին արձագանքել է նաև համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իր ինստագրամյան էջում ակումբի հետ համատեղ հրապարակմամբ և իր այցեքարտային «Here we go!» արտահայտությամբ Ռոմանոն ոչ միայն անդրադարձել է մարզաբազայի բացմանը, այլև բացահայտել ակումբի առաջիկա մեծ նպատակը։

​«Հայաստանի չեմպիոն «Նոա» ՖԱ-ն ներկայացնում է «Նոա Պարկը» և նոր մարզաբազան՝ համաշխարհային մակարդակի մարզադաշտի կառուցման ծրագրերով։ Չեմպիոններ, գավաթակիրներ, եվրոպական բեկում… նախագիծը շարունակում է աճել»,- գրել է Ռոմանոն։

​Ինչպես նշում են ակումբից, սա նոր սկիզբ է դեպի գերազանցություն և դեպի բոլոր այն նպատակները, որոնց ուղղությամբ անվերապահորեն առաջ է շարժվում «Նոան»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031