Դատապարտում եմ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը․ հորդորում եմ չտրվել սադրանքներին․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Տաշիրի պոլիկլինիկայի միջադեպին։

«Խստիվ դատապարտում եմ այսօր Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև ծագած վեճի ժամանակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրներից մեկը փորձել է Տաշիրի պոլիկլինիկայից դուրս հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը օձիքին փակցված քաղաքացուն՝ պնդելով, թե այդ տարածքը Սամվել Կարապետյանինն է։

Սիրելի´ քաղաքացիներ, դուք բոլորդ մեզ հետ միասին դեռևս 2018 թվականին եք մերժել նման բարքերը։ Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին, Հայաստանում յուրաքանչյուր նման տարածք մեզանից յուրաքանչյուրինն է․ նաև հենց սրա համար էր դեռևս 8 տարի առաջ մեկնարկած մեր բոլորիս պայքարը։

Հորդորում եմ չտրվել սադրանքներին, պահպանել զսպվածություն ու հունիսի 7-ին ևս մեկ անգամ հաստատակամ մերժել բարքերը, որոնք ժամանակավրեպ են, վաղուց արդեն մերժված։

Տե´ր ենք կանգնելու մեր պետությանը, տեր ենք կանգնելու խաղաղությանը»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն. Պ.-ն, նկատելով Ն. Գ.-ի օձիքին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի նվիրած քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս. Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն. Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել և գետնին հարվածելու հետևանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:

Խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031