«Դպրոցի տնօրենները պաշտոնից չեն ազատվել, ազատման դիմում են գրել, ես եմ ասել»:
Այս մասին Աջափնյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ապարանի մի շարք դպրոցներում կուսակցական քարոզների և քաղաքական գործընթացներում ներգրավման մասին:
«Ասել եմ՝ պարզեն, թե որ դպրոցների աշակերտները և ուսուցիչներն են եղել, իմ հիշելով՝ 4 դպրոցի մասին է խոսքը: Ես ասել եմ՝ տնօրենները դիմում գրեն, բայց չեն մակագրվել դրանք, որովհետև դեռ հանգամանքներ պետք է պարզվեն: Էսօր էլ աշակերտներ կային, որ ասեցին դասից են փախել:
Իրադրությունն արձանագրված է, բայց որպեսզի չստացվի, որ մենք չստուգված տեղեկատվության հիման վրա մարդկանց աշխատանքից ազատել ենք, կլինեն ծառայողական քննություններ: Որտեղ կպարզվի, որ նման բան եղել է, այդ տնօրենները կազատվեն աշխատանքից: Մենք ոչ միայն չենք հորդորել այդ ամենին մասնակցել, այլ նաև խստիվ արգելել ենք: Չստացվի բայց, թե ասում ենք՝ վայ, մեզ հանկարծ չաջակցեք: Ուսուցիչն իրավունք ունի՞ մասնակցելու՝ ունի, բայց այլ հարց է՝ դա վարչական ռեսուրսի կիրառմամբ, հորդորո՞վ է: Մենք դիմումները չենք մակագրել, այդ տնօրենները չեն ազատվի աշխատանքից, մինչև մենք կարձանագրենք ապօրինության փաստ»,- մանրամասնել է վարչապետը:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ ստացել են ահազանգեր Արագածոտնի մարզից. մասնավորապես Ապարան քաղաքի, Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի:






































