Թուրքիայի խորհրդարանքւմ քրդական զինյալների հետ խաղաղության գործընթացի առաջմղման վերաբերյալ հանձնարարականներ մշակելուց ընդամենը երկու շաբաթ անց սկսվեց Իրանի պատերազմը: Հակամարտությունը Մերձավոր Արևելքն ընկղմել է անկայունության նոր փուլի մեջ և կասկածներ սերմանել երկու կողմի մեջ. գրում է Reuters-ը:
Թուրքիան զգուշացրել է Իրանում և Իրաքում քրդերի նոր մոբիլիզացիայի ռիսկի մասին: Ըստ կառավարական պաշտոնյայի՝ Անկարան առանցքային դեր է խաղացել ԱՄՆ-ի և Իսրայելի այն կարճատև գաղափարը կանխելու գործում, որով նախատեսվում էր աջակցել քրդական զինյալների ցամաքային ներխուժմանը Իրան՝ Իրաքի տարածքից:
Ըստ թուրք պաշտոնյաների, օրենսդիրների և Հյուսիսային Իրաքում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների հետ հարցազրույցների՝ Անկարան և զինյալները սպասողական դիրք են գրավել: Կողմերը հրաժարվում են անել հաջորդ քայլերը, ինչը կանգնեցնում է արդեն չորս տասնամյակ տևող հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը:
Էրդողանի կառավարությունը հայտարարում է, որ PKK-ն նախ պետք է ամբողջությամբ զինաթափվի: Իշխանությունները հապաղում են օրենսդրական բարեփոխումների հարցում, ներառյալ նախկին զինյալների հնարավոր համաներումը և խմբի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին գործընթացում պաշտոնական դերով օժտելը:
PKK-ն, որն անցյալ տարի հայտարարեց ինքնալուծարման մասին, պնդում է, որ զինաթափումն առանց իրավական երաշխիքների իրենց խոցելի կդարձնի: PKK բարձրաստիճան անդամ Մուրատ Կարայըլանը «իռացիոնալ» է անվանել զենքը վայր դնելն այն ժամանակ, երբ «գլխավերևում անօդաչուներ և հրթիռներ են թռչում»:
Չնայած նախագահ Թայիփ Էրդողանի հավաստիացումներին, թե խաղաղության գործընթացը կշարունակվի, շատ մասնակիցներ հիասթափություն են հայտնում: Անցել է երեք ամիս այն պահից, երբ խորհրդարանական հանձնաժողովը կոչ արեց բարեփոխումներ իրականացնելու, սակայն ոչ մի օրենսդրական քայլ չի ձեռնարկվել:
«Միանգամայն ակնհայտ է, որ դադար է տեղի ունեցել, բայց ոչ լիակատար կանգ»,- հայտարարել է քրդամետ DEM կուսակցության բարձրաստիճան օրենսդիր Գյուլիստան Քըլըչ Քոչյիգիթը: Ըստ նրա՝ իշխանությունները, հավանաբար, սպասում են Իրանում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետագա զարգացմանը:
Խաղաղության հասնելու ձախողումը սպառնում է հակամարտության ձգձգմամբ, որը 1984 թվականից ի վեր ավելի քան 40 հազար մարդու կյանք է խլել:
Իրանի պատերազմի ֆոնին Անկարան շարունակում է ուշադիր հետևել տարածաշրջանի քրդական խմբավորումներին: Ապրիլի վերջին Թուրքիայի հատուկ ծառայությունները իշխող ԱԶԿ (AKP) կուսակցությանը զեկուցել են, որ PKK -ն զինաթափման ուղղությամբ ոչ մի իրական քայլ չի ձեռնարկել՝ բացի անցյալ ամռանը տեղի ունեցած զենքի այրման խորհրդանշական արարողությունից: PKK ներկայացուցիչ Զագրոս Հիվան, ի պատասխան, Թուրքիային մեղադրել է գործընթացը ներքաղաքական օգուտների համար «միակողմանիորեն սառեցնելու» մեջ:






































