2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։ Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Էկոնոմիկայի նախարարությունը՝ տեղեկացնելով․
«Միաժամանակ երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Շենգավիթում քարոզարշավի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին ինչ-որ բան էր շշնջացել, որից լսելի էր եղել հետևյալը՝ «թուրքերն էսօր բացում են… կոդերը… մի հատ welcome-ինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»:
Վարչապետն այնուհետև լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու բացատրել էր՝ ինչ է իր ականջին փորձել ասել Արարատ Միրզոյանը, ու Թուրքիայի հետ կապված ինչ նորություն կա, և տեղեկացրել էր Թուրքիայի հետ ուղիղ առևտրի հնարավորության մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ն մայիսի 13-ին հայտնել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։






































