Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո այսօր՝ ապրիլի 1–ին, 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ քիչ առաջ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակից 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս լուրն իմանալուց հետո երկվորյակների մայրը՝ Գայանե Մինասյանի ինքնազգացողությունը վատացավ։ Նա անդադար լալիս էր։

Երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։

ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում

Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),

Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և

Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930