Քանի՞ տարանցիկ չվերթ է իրականացվել ՀՀ օդային տարածքով Իրան-Իսրայել պետերազմով պայմանավորված

2026 թվականի փետրվարի 28-ին մեկնարկած Իրան-Իսրայել պատերազմով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքների փակումը հանգեցրել է ՀՀ օդային տարածքով տարանցիկ չվերթների աճի: Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի մյուս երկրների երկնքի փակման հետևանքով փետրվարի 28-ից մինչև մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքով իրականացվել է 6414 տարանցիկ թռիչք, ինչը 129-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ինչպես NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, չնայած ընդհանուր աճին, մարտի երկրորդ տասնօրյակից նկատվում է թռիչքների քանակի որոշակի նվազում, իսկ մայրուղիների ընտրությունը մնում է բացառապես ավիաընկերությունների իրավասության տիրույթում։ Կոմիտեից նաև տեղեկացրել են, որ թռիչքների մայրուղիների ընտրության որոշումը գտնվում է բացառապես օդանավ շահագործողի իրավասության տիրույթում։

«Պայմանավորված տարածաշրջանային անվտագային իրավիճակի փոփոխությամբ` ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչք իրականացնող նոր ավիաընկերություններ գրեթե չեն արձանագրվել: ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման հետ կապված որևէ խնդիրներ չեն առաջացել, ինչպես նաև գերծանրաբեռվածության պատճառով թռիչքների ընդունման սահմանափակումներ չեն կիրառվել»,-ասված է կայքին ուղարկված պատասխանում:

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին մեկնարկած Իրան-Իսրայել պատերազմը հանգեցրել է Մերձավոր Արևելքի օդային տարածքում ստեղծված աննախադեպ իրավիճակի, որի հետևանքով անվտանգության նկատառումներից ելնելով առնվազն ութ երկիր, այդ թվում՝ Իրանը, Իսրայելը, Իրաքը, Հորդանանը, Սիրիան, Լիբանանը, Քուվեյթը և Քաթարը, ամբողջությամբ կամ մասնակիորեն փակել են իրենց երկինքը քաղաքացիական ավիացիայի համար։

Որոշ երկրներ (Օրինակ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը) թեև խիստ սահմանափակումներով, շարունակում են գործել որպես տարանցիկ միջանցքներ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031