Հարավային Կովկասը կրկին կբախվի քաղաքական և անվտանգային լարվածության, քանի որ Իրանի շուրջ պատերազմը կխորացնի տարածաշրջանային անկայունությունը, իսկ Հայաստանի ընտրությունները կդառնան Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների ապագայի փորձությունը, գրում է Stratfor վերլուծական կենտրոնը:
Իրանի հետ պատերազմով պայմանավորված տարածաշրջանային անկայունությունը կստիպի Ադրբեջանին բարձր զգոնություն պահպանել անվտանգության ոլորտում: Բաքուն կշարունակի ուժերի ուժեղացված տեղակայումը սահմանին և կապահովի էներգետիկ հիմնական ենթակառուցվածքների պաշտպանությունը, թեև հակամարտության մեջ նրա ուղղակի մասնակցությունը քիչ հավանական է: Միևնույն ժամանակ, էներգակիրների գների աճը կավելացնի արտահանման եկամուտները, սակայն շահույթը սահմանափակ կլինի՝ երկրի արտադրական զսպված հնարավորությունների պատճառով: Գների բարձրացումը նաև կխթանի Հայաստանի հետ վառելիքի առևտուրը, քանի որ Երևանը ցամաքային մատակարարման այլընտրանքային ուղիներ կձնտրի:
Հայաստանի բևեռացված էլեկտորատը հունիսին կգնա ընտրությունների, որոնք կարող են որոշել՝ արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը կշարունակվի՞, թե՞ կձախողվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը կամրապնդի նրա մանդատը՝ Ադրբեջանի հետ համագործակցության և Եվրոպական միության հետ կապերի խորացման հարցում: Սակայն ընդդիմության հաջողության դեպքում Հայաստանի բանակցային դիրքորոշումը կարող է խստանալ, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում:
Ռուսաստանն իր հերթին կարող է գործի դնել հիբրիդային գործիքները՝ Հայաստանում ընտրական լարվածությունն օգտագործելու համար, ներառյալ բողոքի ցույցերի հրահրումը և քաղաքական անկայունության սրումը ինչպես քվեարկության ժամանակ, այնպես էլ դրանից անմիջապես հետո:





































