Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել «ադրբեջանցիների ցեղասպանության օրվա» կապակցությամբ
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հայտարարության մեջ խոսվում է «1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների» մասին, որոնք, ըստ հայտարարության հեղինակների, իբր «պատմության մեջ են մտել որպես հազարավոր անմեղ մարդկանց զանգվածային սպանություններ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելության պատճառով»։
«Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական հանցագործությունների շարքի վերաբերյալ և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն», — պահանջում է Ադրբեջանի օմբուդսմենը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել է պատմական անարդարության վերականգնումից հրաժարվելու մասին։ Իր որոշումը նա բացատրել է խաղաղությունն ամրապնդելու ձգտմամբ. «Ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ և այդ ամեն ինչը մեկ բանի մասին է՝ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով»։
Ինչպես երևում է, Բաքվում չեն էլ մտածում պատերազմի և ցեղասպանության հռետորաբանությունից հրաժարվելուց։ Հայոց իրական Ցեղասպանության ժխտմանը հակադրվում է ինչ-որ հորինված «ադրբեջանցիների ցեղասպանություն», և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժմանը զուգահեռ՝ օրակարգ է բերվում «ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչումը»։






































