Թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է․ ՇՄ նախարար

Մարտի 30-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Առանց թափոնների համաշխարհային օր՝ հիշեցնելով, որ շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքից։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Հայաստանում վերջին շրջանում իրականացվել են մի շարք կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են թափոնների կառավարման համակարգի բարելավմանը և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության նվազեցմանը․

Մարտի 25-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց օրենք, որով արգելվում է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի վաճառքը և շրջանառությունը։

Օրենքով արգելվում է նման արտադրանքի առկայությունն ու օտարումը, ներառյալ՝ մեկանգամյա օգտագործման տարաները և սպասքը (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ինչպես նաև ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ)։

Օրենսդրական կարգավորմամբ սահմանվել է թափոնների հեռացման վայրերը տնօրինողների կողմից պարտադիր մոնիթորինգի իրականացումը։ Միաժամանակ նախատեսվել է վարչական պատասխանատվություն՝ աղբավայրերի մոնիթորինգի կարգը խախտելու դեպքում։

Հստակեցվել են նաև վտանգավոր թափոնների պոլիգոնների նախագծման, կառուցման, շահագործման և փակման պահանջները, ինչպես նաև՝ դրանց փակվելուց հետո տարածքների վերականգնման (վնասազերծման, ոչնչացման, թաղման և այլ գործընթացների) կանոնները։

Մշակվում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգի ներդրման օրենսդրությունը։ Այս համակարգի շրջանակում արտադրողները և ներմուծողները պատասխանատվություն են կրում արտադրանքի ողջ կենսաշրջանի համար՝ ներառյալ դրա հավաքումն ու վերամշակումը, ինչը նպաստում է թափոնների կրճատմանը և համակարգի կայունությանը։

Մշակվել է ՀՀ ներմուծված քիմիական նյութերի վերաբերյալ տեղեկատվական բազան (մոտ 36600 անուն նյութ)։ Այն ապահովում է քիմիական նյութերի պետական հաշվառումը և նույնականացումը, դրանց պետական վերահսկողությունը և մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Հարգելի քաղաքացիներ, թափոնների արդյունավետ կառավարումը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է։

Միայն համատեղ և հետևողական քայլերով կարող ենք ապահովել մաքուր, անվտանգ և կայուն միջավայր մեր շրջակա միջավայրի համար»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031