Պակիստանը օդային հարվածներ է հասցրել մի քանի աֆղանական քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին, հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Աֆղանստանի մայրաքաղաքի բնակիչները հայտնել են գիշերը տեղի ունեցած բազմաթիվ ուժեղ պայթյունների մասին։ Հետագայում Իսլամաբադը հայտարարել է «Թալիբանի» 27 դիրքերի ոչնչացման եւ եւս ինը գրոհի մասին։ Պակիստանը նաեւ հայտնել է, որ 133 աֆղաստանցի զինվոր է սպանվել, 200-ից ավելի զինվոր վիրավորվել է։ Բացի այդ, Geo News հեռուստաալիքը հայտնել է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածել են Աֆղանստանի Նանգարհար նահանգում գտնվող զինամթերքի մեծ պահեստին։
Դրանից առաջ «Թալիբանը» հայտարարել էր Պակիստանի սահմանամերձ նահանգներում հարձակողական ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան պակիստանյան հարձակումների։ Աֆղանական կողմի տվյալներով՝ «Թալիբանը» գրավել է մեկ բազա եւ 19 անցակետ սահմանի երկայնքով, որի հետեւանքով զոհվել է 55 զինվոր։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջեւ սահմանային գոտում զինված բախումներ են տեղի ունեցել երկու օր առաջ։ Երկու կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Անցյալ հանգստյան օրերին Պակիստանը նույնպես օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանին։ Իսլամաբադը հայտնել է, որ սպանել է առնվազն 80 զինյալ, մինչդեռ Քաբուլը հայտնել է կրոնական դպրոցի եւ բնակելի շենքերի վրա հարձակումների մասին, որոնց արդյունքում միայն Նանգարհարում զոհվել է առնվազն 17 մարդ։ Անցյալ աշնանը երկրները համաձայնել են հրադադարի՝ Դոհայում Կատարի եւ Թուրքիայի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո։
Իսլամաբադը մեղադրում է Քաբուլին Պակիստանում հարձակումներ իրականացնող զինված խմբավորումների դեմ միջոցներ չձեռնարկելու մեջ: Թալիբների կառավարությունը հերքում է դա: Աֆղանստանը եւ Պակիստանը սահմանային վեճ ունեն 1947 թվականից, երբ Իսլամաբադն անկախություն ձեռք բերեց Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո: Երկրների միջեւ սահմանը անցնում է 2,6 հազար կիլոմետր երկարությամբ Դյուրանդի գծով, որը հաստատվել է 1893թ․ համաձայնագրով: Սակայն Քաբուլը սա համարում է գաղութային սահման, որը զրկել է Աֆղանստանին իր պատմական փուշտուական տարածքների մի մասից: Աֆղանստանի ոչ մի կառավարություն չի ճանաչել սահմանը Դյուրանդի գծով:






































