Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում Բաքուն վերահաստատում է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում։
Ըստ Ալիևի՝ 2021 թվականից ի վեր Հարավային Կովկասում «արմատական փոփոխություններ» են տեղի ունեցել. նա պնդել է, թե Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Հայաստանի հետ խաղաղության օրակարգ ձևավորելու գործընթաց սկսել։ Նա նաև մատնանշել է հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված «պատմական առաջընթացը», որը, նրա գնահատմամբ, ձեռք է բերվել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն առևտրային կապեր են հաստատվել, իսկ Բաքուն Երևանի համար տարանցիկ հնարավորություններ է ապահովում։ Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները նպաստում են վստահության ամրապնդմանը։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ երկիրը հանդես է գալիս որպես տրանսպորտային հանգույց։ Նա նշել է «Միջին միջանցքի» կարևորության աճի մասին և հավելել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է մեծացնել տարածաշրջանային կապվածությունը՝ միավորելով Ասիան Եվրոպայի հետ և խթանելով տրանսպորտային, էներգետիկ ու թվային ցանցերի զարգացումը։
Այդուհանդերձ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի կիրառվել, և կողմերի միջև նման պայմանավորվածություններ չկան։ Դրանցում հիշատակվում է «Թրամփի ուղին» (TRIPP), սակայն Բաքվում շարունակում են օգտագործել «միջանցք» բառը, ինչը, փորձագետների գնահատմամբ, խեղաթյուրում է ձեռք բերված համաձայնությունների բովանդակությունը։






































