Փաշինյանը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արթուր Աբրահամը և այլք։

Մարզահամալիրը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Արթուր Աբրահամը ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձը, որը Արթուր Աբրահամը մարզիկների հետ տեղադրել է մարզահամալիրի հիմքերում։

Մարզահամալիրը բաղկացած է լինելու 2 մասնաշենքից՝ մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Առաջին մասնաշենքում տեղակայված են լինելու ընդհանուր մարզման մարզասրահները, բռնցքամարտի և ըմբշամարտի մարզասրահները՝ հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկի և մերսման սենյակներով, վարչական սենյակներով։ Երկրորդ մասնաշենքում լինելու է բասկետբոլի դահլիճ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել անվանի բռնցքամարտիկը։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի հիմնարկեքի առիթով և վստահություն հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետներում և բարձր որակով։ Երկրի ղեկավարը հավելել է, որ Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցն արդեն գործում է, Ալագյազ գյուղում Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցի հիմնարկեքը կլինի մայիսին, որից հետո կսկսվի շինարարությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության այս քաղաքականությունն ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելուն, երկրում սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930