Կայացավ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը, որում Ստամբուլի «ՌԱՄՍ Պարկ» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին «Գալաթասարայը» և Թուրինի «Յուվենտուսը»։ Գոլառատ պայքարում տանտերերը տպավորիչ՝ կամային հաղթանակ տարան 5:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց թուրքական ակումբի կիսապաշտպան Գաբրիել Սարան։ Ընդամենը երկու րոպե անց հյուրերի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 32-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով «Յուվենտուսին»։
Երկրորդ խաղակեսը, սակայն, անցավ «Գալաթասարայի» թելադրանքով։ Մեկնարկում Նոա Լանգը հավասարեցրեց հաշիվը։ 60-րդ րոպեին պաշտպան Դավինսոն Սանչեսը կրկին առաջ մղեց տանտերերին։ 75-րդ րոպեին Լանգը ևս դուբլի հեղինակ դարձավ, իսկ խաղավերջում Սաշա Բոեն հաշիվը դարձրեց խոշոր՝ 5:2:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Թուրինի «Ալյանց» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով թուրքական թիմը վաստակել էր 10 միավոր (20-րդ տեղ), իսկ իտալական ակումբը՝ 13 միավոր (13-րդ տեղ):






































