Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանները կարնավալի ընթացքում հանցագործներին բռնելու համար խառնվել են բազմությանը՝ հագնելով «Թղթե տուն» սերիալի գողերի և «Ուրբաթ 13» սարսափ ֆիլմի Ջեյսոն Վուրհիզի կերպարների հագուստներ, հայտնում է NBC News-ը։
Ուրբաթ օրը Ռիոյում պաշտոնապես մեկնարկել է կարնավալը, և շատերի համար, ովքեր մասնակցում են քաղաքի աղմկոտ ու շքեղ փողոցային խնջույքներին, ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ նրանք չմոռանան իրենց հեռախոսները, քանի որ գողությունները չափազանց հաճախ են տեղի ունենում։ Այս երևույթին դիմակայելու համար Սանտա Թերեզա շրջանում ոստիկանները ուրբաթ օրը կարնավալային հանդերձանքներ են հագե, որպեսզի աննկատ մնան գողերի համար։ Հատուկ գործակալները նկատել են, թե ինչպես է մի կին խլել բջջային հեռախոսը ինչ-որ մեկի ձեռքից, հետևել են նրան և տեսել, թե ինչպես է նա սարքը փոխանցել իր համախոհին, ասված է Ռիոյի քաղաքացիական ոստիկանության շաբաթօրյա հայտարարությունում։
Ոստիկանությունը ձերբակալել է գողերին և նրանց մոտ հայտնաբերել հինգ բջջային հեռախոս։
Սա առաջին դեպքը չէր, երբ բրազիլացի ոստիկանները հանդերձանքներով փորձել են խառնվել բազմությանը տոնական միջոցառումների ժամանակ՝ հանցագործներին բռնելու համար։
Անցած կիրակի ոստիկանները «Ուրվականների որսորդները» ֆիլմի կերպարների հագուստներով բռնել են մի կնոջ, որը 12 բջջային հեռախոս էր գողացել Սան Պաուլոյի կենտրոնում։ Օրեր առաջ ոստիկանները՝ այլմոլորակայինների հագուստներով, բռնել են մի տղամարդու, որի հագուստի տակ թաքցված էր երեք հեռախոս։
Բրազիլիայի հանրային անվտանգության ֆորումի վերլուծական կենտրոնի 2025 թվականի տարեկան զեկույցի համաձայն, բջջային հեռախոսների գողությունների թիվը երկրում ընդհանուր առմամբ նվազել է։
Այդ թիվը 2022 թվականին տարեկան մոտ 980 000-ից 2024 թվականին նվազել է մոտ 850 000-ի։ Սակայն թե՛ զինված հարձակումների, թե՛ բջջային հեռախոսների գողությունների վախը շարունակում է մնալ բարձր, և հասարակական կարծիքի հարցումները մշտապես ցույց են տալիս, որ բռնությունն ու հանցագործությունը բրազիլացիների գլխավոր մտահոգությունն են։






































