2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԲ–ից։
ԿԲ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը: Պահանջարկի ընթացիկ պայմանների, ինչպես նաև դրա հետագա միտումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է:
Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները մասամբ պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով: Զուգահեռաբար՝ մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել կայունացման միտումներ: Կարճաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր:
Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները, ընդհանուր առմամբ, ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկը միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:
Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ ներառյալ համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացման վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքների ուղի»,-ասվում է ԿԲ տարածած որոշման մեջ:






































