Դեռ վաղ է տոնել Թրամփի մաքսատուրքերի չեղարկումը․ Գերմանիայի փոխկանցլեր

Գերմանիայի փոխկանցլեր, երկրի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը թերահավատորեն է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Գերմանիայի և այն մյուս երկրների համար բարձրացված մաքսատուրքերի չեղարկման վերաբերյալ, որոնք դեմ էին արտահայտվել Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու Թրամփի ծրագրերին, հայտնում է DW-ն։

«Այն, որ երկխոսությունն ընթանում է՝ լավ է, բայց, այնուամենայնիվ, պետք է մի փոքր սպասել և վաղաժամ ուրախանալ նույնպես պետք չէ», — զգուշացրել է նա՝ հստակեցնելով, որ նախ կցանկանար տեսնել թղթի վրա ամրագրված հստակ պայմանավորվածությունները՝ «սևը սպիտակի վրա»։

Քլինգբեյլը կարծում է, որ Թրամփը ստիպված է եղել փոխել իր դիրքորոշումը հիմնականում Դանիայի եվրոպացի դաշնակիցների միասնական արձագանքի շնորհիվ, որի ինքնիշխան տարածք է հանդիսանում նաև Գրենլանդիան։

«Կարևոր է, և ես ուզում եմ սա ընդգծել, որ մենք Եվրոպայում վերջին օրերին հստակ հասկացրել ենք՝ սրանք Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխան շահերն են։ Կա հստակություն, որ մենք նրանց կողքին ենք», — նշել է քաղաքական գործիչը։ Մյուս գործոնը, որը ստիպել է Թրամփին փոխել իր դիրքորոշումը, միջազգային քննադատությունն է եղել և ԱՄՆ-ի ներսում նրա նկատմամբ ճնշումը, կարծում է Գերմանիայի փոխկանցլերը։

Միևնույն ժամանակ, Քլինգբեյլը քննադատել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Գազայի հատվածի համար այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» ստեղծումը։ «Լրացուցիչ միջազգային ինստիտուտների անհրաժեշտություն չկա։ Մենք ունենք ՄԱԿ-ը և այն պետք է ամրապնդել՝ նոր մարմիններ ստեղծելու փոխարեն», — պարզաբանել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031