Իսրայելական տանկերը կրակ են բացել իսպանացի խաղաղապահների պարեկային խմբի ուղղությամբ, որոնք տեղակայված են Հարավային Լիբանանում՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելության շրջանակներում։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է El Pais թերթը՝ հղում անելով թագավորության պաշտպանության գլխավոր շտաբին։
«Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը երկուշաբթի օրը կրակ են բացել իսպանացի «կապույտ սաղավարտների» պարեկային խմբի ուղղությամբ, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում՝ ՄԱԿ-ի UNIFIL առաքելության կազմում։ Տուժածներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել իսպանական գումարտակի պատասխանատվության գոտում։ Հրեական պետության երեք տանկեր դիրքեր են զբաղեցրել բուֆերային գոտուց հյուսիս։ Երբ իսպանական պարեկախումբը առաջ է շարժվել՝ Էլ-Հիյամ բնակավայրի շրջանում նրանց տեղաշարժին հետևելու համար, իսրայելական բանակի մարտական մեքենաները երեք կրակոց են արձակել։ Արկերը պայթել են իսպանացի զինծառայողներից 150-ից 380 մետր հեռավորության վրա։
Խաղաղապահները չեն տուժել և նահանջել են անվտանգ շրջան, որից հետո իսրայելական զրահատեխնիկան վերադարձել է ելման դիրքեր։
Նշվում է, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ծառայություն են իրականացնում ավելի քան 600 իսպանացի զինծառայողներ, որոնք գործում են ինչպես լիբանանյան զինված ուժերի, այնպես էլ իսրայելական կողմի հետ համակարգմամբ։ Թագավորության գլխավոր շտաբը հայտարարել է, որ խաղաղապահների նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լուրջ խախտում և վտանգ է ստեղծում նրանց անվտանգության համար։






































