Մետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեն գնահատման ընթացքում է, որոշակի դեռ ինտուիտիվ պատկերացում չկա. «Սուրմալու» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ենթադրվում է իրականացնել համայնք–պետություն–մասնավոր գործընկերությամբ։ Այս մասին նշվեց այսօր՝ հունվարի 12–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ 25 թվականի օգոստոսից հայտարարված ծրագրի տեխնիկա-տնտեսական իրագործման մրցույթը երկու անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով։ Սպասվում են նոր մրցույթներ։
«Այս ամենի հիման վրա 2026 թվականին կունենանք պայմանագրեր, կավարտենք նախապատրաստական աշխատանքները և արդեն ներդրումային ծրագրի մրցույթային գործընթաց կսկսենք։
Ռիսկերը մրցույթային գործընթացների ձգձգումների հետ են կապված և հնարավոր է նաև ներդրումային նվազ հետաքրքրություն լինի։ Այդուհանդերձ այստեղ նաև ներգրավելու ենք արտաքին գործընկերներին, բոլոր հնարավոր հաղորդակցության խողովակները օգտագործելու ենք, որպեսզի հնարավորինս նաև միջազգային հանրությանը և տեղական ներդրողներին հասանելի լինի ներդրումային ծրագիրը և հետաքրքրությունը մեծանա»,– նշվեց խորհրդակցության ժամանակ։
Ավինյանն էլ նկատեց. «Մրցույթի ամբողջ տրամաբանությունը պետք է կառուցված լինի նրա վրա, որ տեխնիկատնտեսական իրագործելիությունը ապահովենք, այսինքն այդ կետը պետք է գտնեն հաղթող կազմակերպությունները, թե որ կետում է տեխնիկատնտեսապես հետաքրքիր մասնավոր գործընկերներին։ Սա պետք է լինի իրենց աշխատանքի նպատակը, որովհետև այդտեղ մենք մեր որոշումներում բավականին լայն հնարավորություններ ունենք, այսինքն բիզնես տեսանկյունից ավելի հետաքրքրացնելու պրոյեկտը»։






































