Սև ու սպիտակների ակցիան շարունակվում է. տասնյակ նոր հոգեւորականներ իրենց աջակցությունն են հայտնել Գարեգին Երկրորդին

Գիշերվա ընթացքում տասնյակ նոր հոգեւորականներ են իրենց անվերապահ աջակցությունը հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ Մայր Աթոռին։

Նրանցից մի քանիսի հայտարարությունները ներկայացնում ենք ստորեւ.

«Մնամ հարազատ որդին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իր Գահակալ Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի». Տեր Տաճատ քահանա Բարսեղյան

«Անկախ ամեն ինչից, իրավիճակից ու հանգամանքից, կրկին ու կրկին իմ հավատարմությունն ու նվիրվածությունը, սերն ու գորովանքն եմ արտահայտում առ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր սրբությունները, նրա կանոններն ու օրենքները, առ ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը… Ուխտում եմ` շարունակել մնալ հավատարիմ ու անսակարկ զինվորը մեր Սուրբ Եկեղեցու` պատվով կրելով ճակատիս վրա դրոշմված քահանայական օծության Սուրբ Մյուռոնը». Տեր Եփրեմ քահանա Հարությունյան

«Ցավում եմ, որ կեղծ օրակարգերի թելադրմամբ խառնակություն է մտնում եկեղեցի հատկապես մեր եղբայրների անխոհեմ ընթացքի միջոցով եւ խաղաղությունը խաթարվում է մեր հավատացյալների մոտ եւ դառնում ենք ծաղրի առիթ մեր չկամների դիմաց…
Ես ամաչում եմ իմ եւ ձեզ համար եւ ցավում Հայրապետի համար, չեմ ցանկանա ձեզ, որ նման զավակ ունենաք…». Տեր Սեւակ քահանա Սարիբեկյան

«Խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում այն պառակտող, Եկեղեցին ներսից բաժանող և մեր սրբազան կառույցը կործանման տանող գործընթացները, որոնք այսօր խաթարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միասնությունը։ Այդ երևույթները հակասում են մեր Եկեղեցու դարավոր կանոնական կարգին, հոգևոր ավանդությանը և ազգային ինքնությանը։

Հայ Եկեղեցին եղել է, կա և պիտի մնա մեր ժողովրդի հոգևոր մայրն ու միասնության առանցքը։ Ցանկացած փորձ՝ խարխլելու նրա միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ ազգի հոգևոր ու ազգային գոյությանը։
Արդ, խնդրում եմ ուխտապահ հոգևորական եղբայրներիս և հավատացյալ հայորդիներին՝ պահպանել սթափություն, հավատարմություն և միաբանություն, կանգնել Մայր Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն ճշմարտության, խաղաղության և մեր ժողովրդի հոգևոր ապագայի». Տեր Վարդ քահանա Գյոզալյան
«Սև ու սպիտակների ակցիան շարունակվում է: Սիրելի՛ քահանա եղբայրներ, մի՛ տրվեք գայթակղությանը». Տեր Մարկոս քահանա Մանգասարյան
«Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը, և որ ես իմ որդիական անվերապահ հավատարմությունն պետք է հայտնեմ Աստվածօրհնյալ և Առաքելահաստատ իմ Եկեղեցուս, և Եկեղեցու Աստվածատուր և Ազգընտիր Գահակալին, որը պետք է լիներ, և կա իմ ծառայության մասը». Տիրայր ավագ քահանա Գըլըճյան

«Ձերդ Սրբության կյանքն ու հայրապետական ծառայությունը վկայություն են այն անսահման շնորհի, որի միջոցով Աստված մշտապես ընտրում է արժանավոր Հայրապետներ՝ առաջնորդելու իր հոտը դեպի խաղաղ նավահանգիստ». Տ. Գրիգոր աբեղա Մինասյան

«Մերժում եմ Եկեղեցու ներքին կյանքին ուղղված որևէ ոտնձգություն և հայտարարում, որ իմ ծառայությունն ու հնազանդությունը բացառապես վերապահված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։ Մնում եմ կանգուն ու անսասան Հայ Եկեղեցու դավանանքի, սրբազան ավանդության և կանոնական կարգի պաշտպանության մեջ՝ ի հեճուկս չար ուժերի». Արարատ քահանա Պողոսյան
Բացի Հայաստանում ծառայություն իրականացնող հոգեւորականներից, Գարեգին Երկրորդին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակությունից։

«Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։

Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի մեզ դեպի հավատք, խոնարհություն և եղբայրասիրություն։
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։
Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյան
Տեր Ոսկան աբեղա Ոսկանյան
Տեր Մկրտիչ քահանա Գրիգորյան
Տեր Անդրեաս քահանա Իսախանյան
Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյան
Տեր Վաղարշ քահանա Իսախանյան»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031