Անկարգությունների ժամանակ վանդալները ավերել են Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում գտնվող շենքերը. Այաթոլլահ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դատապարտել է Իրանում տեղի ունեցած անկարգություններն ու վանդալիզմի գործողությունները՝ որակելով դրանք որպես թշնամական դավադրություն։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, որը խոստովանել է 12-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 1000 իրանցիների սպանության մասին՝ փորձում է բռնություն հրահրել երկրում, հայտնում է Tasnim գործակալությունը:

1978 թվականին Փահլավի շահերի ռեժիմի դեմ Ղումի ժողովրդի ապստամբության տարելիցի կապակցությամբ, ուրբաթ օրը՝ հունվարի 9-ին, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան Հուսեյնիա մզկիթում Ղում նահանգի հազարավոր բնակիչներ հանդիպել են այաթոլլա Խամենեիի հետ:

Ելույթ ունենալով հանդիպման ժամանակ՝ Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ հինգշաբթի երեկոյան վանդալների մի խումբ Թեհրանում և այլ քաղաքներում շենքեր է ավերել՝ «ԱՄՆ նախագահին հաճոյանալու համար»։

Այաթոլլա Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով «ի վիճակի չէ կառավարել սեփական երկիրը կամ հաղթահարել ԱՄՆ-ում տեղի ունեցող տարբեր միջադեպերը», «սպառնացել է, որ կկանգնի Իրանում խռովարարների և վնասարարների կողքին», եթե Իրանի վարչակազմը որոշակի քայլեր ձեռնարկի։

«ԱՄՆ նախագահի ձեռքերը ավելի քան 1000 իրանցիների արյան մեջ են»,- ասել է այաթոլլա Խամենեին՝ հավելելով, որ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ինքն է հարձակման հրամաններ տվել 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ, որը խլել է ավելի քան 1000 իրանցիների կյանք, այդ թվում՝ ռազմական հրամանատարների, գիտնականների և հասարակ քաղաքացիների կյանքեր։ Իրանի գերագույն առաջնորդը քննադատության է ենթարկել անտեղյակ մարդկանց մի խմբի, որոնք խաբվել են ԱՄՆ նախագահի կողմից և աղբամաններ են այրել՝ «Թրամփին հաճոյանալու համար»։

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել բողոքի երթեր՝ 1979 թվականին տապալված իրանական շահի ժառանգ Ռեզա Փահլավիի կոչից հետո։ Չնայած սոցիալական ցանցերում տարածված լայնամասշտաբ և զանգվածային ակցիաների տեսանյութերին, իրանական Fars գործակալությունը պնդում էր, որ ելույթները «սահմանափակ» բնույթ են կրել։ Բողոքի շարժման ակտիվացման ֆոնին երկրում անջատվել են ինտերնետը, բջջային և քաղաքային հեռախոսակապը։

IRIB գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ բողոքի ցույցերի ընթացքում վնասվել է մասնավոր սեփականությունը և քաղաքային ենթակառուցվածքները. ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներ և քաղաքային ավտոբուսներ, վնաս է հասցվել մետրոյի կայարաններին, մզկիթներին, բանկերին և խանութներին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031