Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու բակում հավաքված քաղաքացիների առջև հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով պետության, եկեղեցու և խաղաղության օրակարգին։
Վարչապետը նշել է, որ տեղի ունեցած քայլարշավը քրիստոնեական խորհուրդ ունի։
«Մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն, և այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք, ի վերջո, սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով»,- նշել է նա։
Վարչապետն անդրադարձել է խաղաղության թեմային. «Մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ մենք ինքներս պետք է մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը»։
Փաշինյանը հերքել է այն պնդումները, թե Կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։
«Շատ են ասում, թե Կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև Կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է»։
Միևնույն ժամանակ, նա նշեց, որ թույլ չի տալու եկեղեցին օգտագործել պետության դեմ։
«Ոմանք փորձ են անում ՀԱԵ-ն օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ […] Ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու»,– ասել է նա։
Վարչապետը հայտարարել է, որ եկեղեցին պետք է «ազատել» Գարեգին Բ-ից։
«Մենք մեր եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին»,- նշել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ ժողովուրդն այլևս եկեղեցուն մենակ չի թողնելու․ «Այսօրվա քայլարշավը նրա մասին էր, որ մենք վերադարձել ենք, մենք եկել ենք, և մենք այլևս մեր եկեղեցին և մեր եկեղեցու հոգևոր սպասավորներին, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողնի»։
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին. «Ես մեր ժողովրդին կոչ եմ անում․ այո՛, գնանք պատարագների, և իրենց հոգևոր սպասավորներին հորդորել, խնդրել՝ միանան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի»։






































