Սուրբ ծննդյան ճրագալույց և Աստվածհայտնության տոն

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Այս տոնը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը, որը մեղքի մահն է և հոգու վերածնունդը։

Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Տոնը սկսվում է հունվարի 5-ին Ճրագալույցի Սուրբ պատարագով։  Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ: Ճրագալույցի պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Պատարագի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ արտասանելով․ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ․․․․․»։

Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած կանթեղներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսի ծննդավայր։

Սուրբ Ծննդյան տոնը, սկսվելով հունվարի 5-ին, շարունակվում է նաև հաջորդ օրը: Հունվարի 6-ին Պատարագից հետո կատարվում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որ հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։ Խաչով և մյուռոնով օրհնյալ ջուրը հավատացյալները տուն են տանում՝ որպես օրհնություն և բուժիչ դեղ հիվանդների համար:  Մի գեղեցիկ ավանդույթ էլ կա, տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները և աղոթում նրանց հոգիների համար:

Աստված եկավ մեր մեջ խաղաղություն հաստատելու Քրիստոսի ծնունդով, իսկ հրեշտակները ավետեցին. «Փառք Աստծուն բարձունքներում, խաղաղություն երկրի վրա և հաճություն մարդկանց միջև: Սբ. Ծննդյան երջանկության զգացողությամբ, եթե մենք էլ բացենք մեր սրտի դուռը, ապա Քրիստոսի խոստման համաձայն, նա կծնվի և կհայտնվի մեր սրտերում: Եվ այդ սերը մեր մեջ կրելով՝ մեկս մյուսին կփոխանցենք ողջ աշխարհն ու մեր ներաշխարհը լուսավորող փրկության ավետիսը. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի: Խաղաղության և սիրո ավետիս բերող Փրկիչը հանապազ թող մեր կյանքում ներկա լինի Ամեն»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031