ԱՄՆ նավթային հսկաները տեղյակ չեն եղել Մադուրոյին տապալելու Թրամփի ծրագրերի մասին․ FT

Ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների՝ ExxonMobil-ի, Chevron-ի և ConocoPhillips-ի ղեկավարները տեղյակ չեն եղել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագրերի մասին։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով ոլորտի իր աղբյուրին։

«Արդյունաբերության խաղացողներից և ոչ մեկի հետ, ովքեր ունեն կապիտալ և փորձառություն Վենեսուելայում ներդրումներ անելու համար, չեն խորհրդակցել ո՛չ Մադուրոյի տապալումից առաջ, ո՛չ էլ նախքան նախագահ [Թրամփի] հայտարարությունները [Վենեսուելայի նավթային արդյունաբերության վերականգնման մասին]», — ասել է պարբերականի զրուցակիցը։

Իր հերթին, Amos Global Energy Management հիմնադրամի ղեկավար Ալի Մոշիրին FT-ին հայտնել է, որ մտադիր է 2 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավել Վենեսուելայի նավթային նախագծերում։ «Մենք կանխազգում էինք այս բեկումը. մասնավոր ներդրողների համար մեր 2 միլիարդ դոլարի առաջարկը պատրաստ է, ներդրումային թիրախները որոշված են», — նշել է նա։ — «Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ զանգահարել են մոտ մեկ տասնյակ պոտենցիալ ներդրողներ։ Հետաքրքրությունը Վենեսուելայի նկատմամբ զրոյից բարձրացել է մինչև 99 տոկոս»։

FT-ն ընդգծել է, որ եվրոպական ընկերությունները, ներառյալ իսպանական Repsol-ը և իտալական Eni-ն, նույնպես կարող են միանալ ներդրումային նախագծերին՝ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դեպքում։ Ավելի վաղ The Daily Telegraph թերթը հայտնել էր, որ բրիտանական նավթագազային հսկաները՝ Shell-ը և BP-ն, կարող են վերադառնալ Վենեսուելայում աշխատանքի։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031