Ռուսաստանի դատարանները 2025 թվականին կայացրել են ցմահ ազատազրկման 100 դատավճիռ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են Ռուսաստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայությունից։
Գերագույն դատարանից նշել են, որ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում դատարանները ցմահ ազատազրկում են նշանակել 100 ամբաստանյալի։
Սա վերջին տարիների ընթացքում նման դատավճիռների թվի ամենաբարձր ցուցանիշն է։ Մինչ այս, համաձայն դատական վիճակագրության, ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին 2005 և 2012 թվականներին՝ 84-ական դատավճիռ։ 2020 թվականին դատարանները կայացրել էին 66 ցմահ ազատազրկման դատավճիռ, 2021-ին՝ 47, 2022-ին՝ 58, 2023-ին՝ 78, իսկ 2024-ին՝ 79։ Ընդհանուր առմամբ, 2005-2024 թվականների ընթացքում դատարանները կայացրել են 1,316 նման դատավճիռ։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ցմահ ազատազրկման պատժաչափն ավելացվել է ՌԴ Քրեական օրենսգրքի ևս մի քանի հոդվածներում, այդ թվում՝ պետական դավաճանության, ահաբեկչական գործողության կազմակերպման կամ ահաբեկչության մեջ ներգրավելու համար (այդ թվում՝ անչափահասներին)։ Ցմահ ազատազրկում չի նշանակվում կանանց, մինչև 18 տարեկան դառնալը հանցանք գործած անձանց և այն տղամարդկանց, ովքեր դատավճռի կայացման պահին դարձել են 65 տարեկան։






































