Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղում՝ Որմնադիրների փողոցի 7-րդ տանը հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի տեղեկություննրով, մինչ կժամանեին Երևանի թիվ 3-րդ, թիվ 2-րդ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը, ՀԱԲԱՎ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, կրակի, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։
Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ովքեր ըստ նախնական տեղեկությունների ծխահարվել էին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի, ըստ տեղեկությունների՝ տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից է կրակը բռնկվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք, և այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի ինքնությունը։






































