Ռուսաստանը ուշադիր հետևում է Վաշինգտոնում հայտարարված «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» հայ-ամերիկյան նախագծի շուրջ զարգացումներին, ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Ноев Ковчег» թերթին տված հարցազրույցում:
«Մինչ այժմ մենք լսել ենք միայն շքեղ անունը: Որքանով մենք գիտենք, դրա իրականացման գործնական աշխատանքները դեռևս չեն սկսվել: Մեր դիրքորոշումը կձևակերպվի, երբ այս նախաձեռնությունը ձևավորվի», — հայտնել է Կոպիրկինը:
Նա նշել է, որ «Թրամփի ճանապարհը» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության վրա, քանի որ ապրանքների անցումը հանրապետության տարածքով կարգավորվում է, ի թիվս այլ բաների, Եվրասիական տնտեսական միության օրենքներով:
«Մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցի շուրջ առարկայական խորհրդակցությունների: Ռուսաստանը մշտապես պաշտպանել է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հատկապես այն պատճառով, որ այս ոլորտում առաջընթացը սկզբնապես հիմնված էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի մի շարքի վրա: Մենք կարծում ենք, որ համապատասխան գործընթացները պետք է հաշվի առնեն տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների և նրանց հարևանների շահերը», — նշել է ՌԴ դեսպանը:






































