2025 թվականին Չինաստանի և Հայաստանի մինջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել. հաստատել են ռազմավարական գործընկերություն. ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը շնորհավորական ուղերձ է տարածել գալիք Ամանորի կապակցությամբ։ Արձանագրելով անցնող տարում Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերություններում գրանցված մեծ առաջընթացը՝ դեսպանը հույս է հայտնել, որ 2026 թվականին հայ-չինական հարաբերություններն էլ ավելի կզարգանան։

«Արմենպրես»-ը ներկայացնում է դեսպան Լի Սինվեյի շնորհավորանքն ամբողջությամբ․
«Մոտենում է 2026 թվականը։ Այս գեղեցիկ պահին, երբ հրաժեշտ ենք տալիս անցնող տարվան և դիմավորում նորը, Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից սրտանց փոխանցում եմ իմ անկեղծ ողջույններն ու Ամանորի շնորհավորանքները բոլոր մեր հայ ընկերներին և Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին:
Ետ նայելով դեպի 2025 թվական՝ տեսնում ենք, որ Չինաստանը շարունակել է զարգանալ՝ բարիք բերելով ողջ աշխարհին։ Հաջողությամբ անցկացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 20-րդ գումարման 4-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընդունվել է «15-րդ հնգամյա պլան»-ը, որը նոր ձևաչափ է ստեղծում չինական մոդելով արդիականացման համար։ Նախագահ Սի Ծինփինը ներկայացրել է գլոբալ կառավարման նախաձեռնություն, «Գլոբալ կառավարման ընկերների խումբը» պաշտոնապես հիմնադրվել է ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում։ Չինաստանը նոր քայլ է կատարել ավելի արդար և ռացիոնալ գլոբալ կառավարման համակարգի ձևավորման ուղղությամբ։

2025 թվականին Չինաստանի և Հայաստանի մինջև հարաբերությունները նշանակալի առաջընթաց են արձանագրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Չինաստան և մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և Ճապոնիայի դեմ դիմադրության պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Չինաստանն ու Հայաստանը հաստատել են ռազմավարական գործընկերություն՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի։ Համագործակցությունը բոլոր ոլորտներում ավելի սերտ է դարձել, մարդկանց միջև փոխանակումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի։ Հայաստանի անդամակցությունը Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկին բացել է նոր հնարավորություններ ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտում համատեղ գործունեության համար։
2026 թվականը չինական օրացույցով Ձիու տարի է։ Չինաստանի և Հայաստանի մշակույթներում ձին խորհրդանշում է համարձակություն, կենսունակություն և առաջընթացի ձգտում։ Այս նոր տարում ցանկանում եմ մեր հայ ընկերների հետ միասին նպաստել չին-հայկական հարաբերությունների ավելի արդյունավետ և արագ զարգացմանը։
Թող նոր տարին բոլորին բերի երջանկություն, ընտանեկան բարեկեցություն, հաջողություն և նպատակների իրականացում»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031