Երևանի գլխավոր հատակագիծը թվայնացվել է։ Այս մասին նշվեց այսօր՝ դեկտեմբերի 29–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը, մասնավորապես, նշեց, որ թվայնացված գլխավոր հատակագծում կարմիր գույնով տարբերակվում են հանրապետական նշանակության հուշարձանները, իսկ կապույտ գույնով՝ տեղական նշանակության հուշարձանները։ Երևանում առկա են 12 պահպանական գոտիներ, նշվել են դրանց անվանումը, դասիչը, հողամասի մակերեսը և հուշարձանի պահպանության գոտին, այնուհետև պահպանության երկրորդ գոտին և կառուցապատման կարգավորման գոտին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. «Իրականում այս ինֆորմացիան այն է, ինչ մասին մենք շատ երկար ժամանակ խոսել ենք՝ սկսած ենթակառուցվածքների շերտից, հուշարձանների շերտից, ռիսկերի շերտից, գրունտի շերտից։ Այս բոլոր տվյալները աշխատանքային հիմք են մեր ճարտարապետական գրասենյակների, ինստիտուտների համար, որոնք այս ինֆորմացիայի վրա կկարողանան իրականացնել հավելյալ աշխատանքներ։ Այս շերտերը պետք է մաքսիմալ արագ դարձնել հասանելի, բոլոր այն շերտերը, որոնք տրամաբանական են, որ հանրայնացվեն և մինչև հաջորդ ամսվա 20-ը այս բոլոր շերտերը արդեն կհանրայնացնենք։
Ինչ վերաբերում է հուշարձաններին, մեր գործընկերների հետ պետք է աշխատանք շարունակենք, որպեսզի ոչ միայն շենքի ուրվագծով ֆիքսվի հուշարձանի գոտին, այլ նաև արվի այնպես, ինչպես որ մի քանի հուշարձանների դեպքում ամբողջական գոտին ենք սահմանել։ Կարծում եմ սա նույնպես կարևոր աշխատանք է։
Սկիզբը դրված է, բայց կարծում եմ որ սա նաև շատ լավ հիմք է բոլոր կառուցապատողների համար հասկանալու, թե որ գոտում են նրանք գտնվում և կրկին այս ինֆորմացիան նույնպես պետք է լինի բաց հասանելիության»։






































