Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին 9 տարվա ազատազրկում է սպառնում՝ նախագահական պալատի վրա հարձակման գործով

Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալաիան, որը ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատի վրա կատարված հարձակման փորձի կապակցությամբ, կարող է մինչև ինը տարվա ազատազրկման դատապարտվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Ախալայային մեղադրանք է առաջադրվել խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար (Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս):

Քննության վարկածով՝ Ախալայան կանգնած է «Վրաստանի սահմանադրական կարգը և պետական իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերի, ինչպես նաև ռազմավարական և առանձնահատուկ կարևորության օբյեկտի զավթման փորձի հետևում»: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) պնդում է, որ հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմկոմիտեի անդամները գործել են նրա հանձնարարականներով: Եվ թեև Ախալայան ներկա չի եղել հանրահավաքին, ենթադրվում է, որ նա հրահանգներ է տվել «հաղորդակցության տեխնիկական շարժական միջոցների օգնությամբ»:

Նախօրեին Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ որպես գլխավոր ապացույց հանդես է գալիս ինտերնետ-թրաֆիկի վերլուծությունը:

Ախալայան չի ընդունում մեղադրանքը: Նրա փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ նախկին բարձրաստիճան ուժայինին «հալածում են» Պաատա Բուրճուլաձեի և Մուրթազ Զոդելավայի հետ «ընկերության համար», ովքեր հանդես էին գալիս որպես հանրահավաքի գլխավոր կազմակերպիչներ:

«Բաչոյի դիրքորոշումն այն է, որ մեղադրանքը լիովին անհիմն է և աբսուրդային: Եթե ուղիղ խոսենք՝ սա խենթություն է: Նրան մեղադրանք են առաջադրել միայն այն բանի համար, որ նա ճանաչում է և ընկերություն է անում Մուրթազ Զոդելավայի ու Պաատա Բուրճուլաձեի հետ: Մեղադրանքն այդպես է ձևակերպված: Ես ծանոթացել եմ գործին և այնտեղ չեմ տեսել ո՛չ փաստարկներ, ո՛չ համոզիչ ապացույցներ, ո՛չ էլ որևէ տեղեկություն, որը ցույց կտար, թե նա կոնկրետ գործողություններով քրեական հանցանք է կատարել», — լրագրողներին ասել է փաստաբանը:

Իրավաբանի խոսքով՝ իրենից խնդրել են ստորագրել չհրապարակման մասին փաստաթուղթը՝ դեռևս նախքան նյութերի փոխանցումը, ինչի դեմ նա բողոք է ներկայացրել:

Հոկտեմբերի 4-ին, ընդդիմության կողմից բոյկոտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «խաղաղ հեղափոխության» հայտարարված նպատակով: Կազմակերպիչների կոչով Ռուսթավելիի պողոտայից ցուցարարների մի մասն ուղղվել է դեպի Աթոնելի փողոց, որտեղ փորձել են ներխուժել նախագահական նստավայր: Ոստիկանությունը հետ է մղել բողոքի ակցիայի մասնակիցներին: Բախումները շարունակվել են ևս մի քանի ժամ: Իշխանությունները դա որակել են որպես պետական հեղաշրջման փորձ:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալվել է 64 մարդ: Նրանց թվում են ակցիայի կազմկոմիտեի անդամները՝ օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Մուրթազ Զոդելավան և Իրակլի Նադիրաձեն, «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության ներկայացուցիչ Պաատա Մանջգալաձեն և Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Լաշա Բերիձեն:

Բաչո Ախալայան բարձր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք: Վրաստանում իշխանափոխությունից հետո նա 10 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ծառայության հետ կապված մի քանի դրվագներով: Պատիժը կրելուց հետո նա արտագաղթել է Լեհաստան, սակայն պարբերաբար այցելել է հայրենիք:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031