Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ», «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ներում արձանագրել են խախտումներ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ն ջարդիչ տեսակավորման կայանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Նույն մարզի Նորագյուղի անդեզիտա բազալտի հանքավայրում «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ն ևս, չունենալով անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն, ապօրինի շահագործել է ջարդիչ տեսակավորման կայան։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով հանքավայրերի ջարդիչ տեսակավորման կայանների ապօրինի շահագործումները կասեցվել են։
Ընկերության տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ ընդհանուր 3.050.521 դրամի չափով։






































