Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը այս պահին Վեհարանի տարածքում է։ NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ նա դրսում զրուցում է մի շարք հոգևորականների հետ։
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ թվով ոստիկաններ են հավաքված, իսկ Մայր Աթոռի ցանկապատի երկայնքով կանգնած են հոգևորականները։
Փոխոստիկանության գեներալ–մայոր Հայկ Բաբայանը մի պահ մոտեցավ հոգևորականներին և բանակցում էր հասարակականկարգի պահպանությունը կազմակերպելու հարցի շուրջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:
Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:
Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեեւ աջակցում է նրանց։






































